Ուխտագնացություն` նախադպրոցական հաստատությունների եւ գրադարանների աշխատակիցների համար
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի նախաձեռնությամբ Չարենցավան քաղաքի ու հարակից գյուղերի նախադպրոցական հաստատությունների եւ գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել ուխտագնացություն Կարենիսի Սբ. Մատթեոս (13-րդ դար), Սբ. Աստվածածին (5-րդ դար) եւ Լուսակերտի Սբ. Գեւորգ (19-րդ դար) եկեղեցիներ:
Սկսյալ ապրիլի 11-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Կոտայքի թեմի եւ Չարենցավանի քաղաքապետարանի հետ համատեղ Չարենցավանի եւ հարակից գյուղերի նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաեւ գրադարանների աշխատակիցների համար իրականացնում է սեմինար-պարապմունքներ, որոնց նպատակն է հարստացնել մասնակիցների ազգային-հոգեւոր գիտելիքները:
Դասընթացի ավարտին` հունիսի 27-ին` սեմինար-պարապմունքների վերջին հանդիպմանը, մասնակիցներին իր օրհնության խոսքն է հղել Կոտայքի թեմի առաջնորդ . Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը:
Մայիսի 16-ին սեմինարի մասնակիցներն այցելել են Բջնիի Սբ. Աստվածածին (12-րդ դար) եւ Սբ. Գեւորգ (16-րդ դար) եկեղեցիներ, իսկ հունիսի 10-ին` Արզական գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցի (19-րդ դար) եւ նշանավոր Նեղուցի վանք (10-12-րդ դարեր):